ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային ժողովի «ՀՅ Դաշնակցություն- Շարժում 88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը:
Նրա խոսքով` միակ նորությունը կողմերի առաջնորդներին ուղղված` խաղաղության պահպանման կոչն էր: Ուշադրություն դարձնելով հանգամանքին, որ հրադադարի ռեժիմի խախտումը հրահրում է Ադրբեջանը, իսկ խաղաղության պահպանման կոչն ուղղած է բոլոր կողմերին, խորհրդարանականը նշեց, որ այստեղ համանախագահող երկրների ղեկավարները մեղք չունեն:
«Մեծ հաշվով մեղքը հայկական դիվանագիտությանն է, որին չհաջողվեց ժամանակին այդ հարցի վերաբերյալ կոշտ դիրքորոշում ցուցաբերել: Դրա փոխարեն հայ դիվանագետները հավատարմություն դրսեւորեցին, ինչը հանգեցրեց նրան, որ երեք երկրների նախագահները խաղաղության պահպանման կոչ հավասարապես ուղում են ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմին: Կան հարցեր, որոնց վերաբերյալ հայ դիվանագետները պետք է կոշտ դիրքորոշում հայտնեն` հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար», - նշեց Սարգսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Դովիլում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ համատեղ հայտարարություն էին ընդունել։ Փաստաթղթում նրանք ընդգծել էին, որ ուժի կիրառումը նոր տառապանքներ կբերի եւ կդատապարտվի միջազգային հանարության կողմից . «Մենք կողմերին կոչ ենք անում բնակչությանը պատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի»:




























