Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ գտնվող եւ հեռակա կարգով` առավել խոշոր չափի գումար յուրացնելու համար ձերբակալված ռուսաստանցի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը թաքնվել է ԱՄՆ-ում: Այդ մասին հայտնի է դարձել, երբ հսկիչ տեսախցիկները ֆիքսել են նրան Հոլիվուդում:

Արեւմտյան լրատվամիջոցները գրում են, որ տեղի իրավապահների մոտ կան ռուսաստանցի պատգամավորի լուսանկարները, որտեղ նա եղբոր եւ մի քանի կանանց ուղեկցությամբ է: Լուսանկարներն արել են Բեւերլի Հիլզում տեղադրված հսկիչ տեսախցիկները, հաղորդում է «Եվրոսմին»:

Հետաքննության տվյալներով, Եղիազարյանը մի շարք անձանց հետ ավելի քան 1,5 մլրդ ռուբլու խարդախություն է կատարել: Հետաքննության առիթ է դարձել Եղիազարյանի նախկին  բիզնես-գործընկերոջ դիմումը դատախազություն։ Նա պատգամավորին մեղադրում է «Եվրոպարկ» առեւտրային համալիրի շինարարությամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը յուրացնելու մեջ:

Նշենք, որ Մոսկվայի Բասմանյան դատարանը 2011 թվականի հունվարի 31-ին Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին հեռակա կարգով ձերբակալելու որոշում էր կայացրել:

Եղիազարյանը Լոս Անջելեսում ապրում է 2010 թվականի ամռանից։ Նա պնդում է, որ ստիպված է լքել Ռուսաստանը՝ վախենալով իր կյանքի համար։ Նա հայտարարել է, որ անգամ ԱՄՆ-ում իրեն լիովին անվտանգ չի զգում: