Սոչիում գեներալ Անդրանիկ Օզանյանի հուշարձանի ապամոնտաժումը հարկադիր միջոց էր, որին Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) գնացել է` հայերին ռուսական ՕՄՕՆ-ից փրկելու համար: Այս մասին «Երկրամաս» թերթի հետ զրույցում հայտարարել է ՌՀՄ Սոչիի կառույցի ղեկավար Հրաչ Մակեյանը: Նրա խոսքով, երբ հուշարձանն առանց ՌՀՄ ղեկավարության գիտության տեղադրվել է, Սոչիի Լազարեւյան շրջանի ղեկավարը սպառնացել է, որ եթե քանդակը չհանվի, ռուսական կողմը «բուլդոզերով կքանդի ոչ միայն Անդրանիկի արձանը, այլեւ մնացած ամեն ինչ, իսկ ՕՄՕՆ-ը կձերբակալի այն անձանց, ովքեր կան ցուցակում»: Մակեյանը նշել է, թե ռուսական կողմը փաստեր է ունեցել, հուշարձանի տեղադրման փաստաթղթեր չեն եղել, եւ նրանք իրավաբանորեն ճիշտ են եղել:

Ինչ վերաբերում է ռուսական պաշտոնյաների նման կտրուկ վերաբերմունքին, ՌՀՄ Սոչիի կառույցի նախկին ղեկավար Հակոբ Կոճկոնյանն ասել է, թե «թուրքերն ասել են, որ եթե Անդրանիկի արձան տեղադրվի, իրենք կձախողեն Օլիմպիադան»:

Զորավար Անդրանիկի հուշարձանը տեղադրվել էր մի քանի օր առաջ Սոչիի Լազարեւյան շրջանի Վոլկոնկա գյուղում Անկախության տոնի նախօրեին, սակայն մայիսի 28-ի գիշերը, երբ արդեն մութ է եղել, արձանը ապամոնտաժվել եւ հանվել էր: