Ընդլայնված համագործակցության շրջանակներում Բահրեյնը եւ Իսրայելը մոտ ապագայում մտադիր են դեսպանություններ բացել, մուտքի արտոնագրերի առցանց համակարգեր տեղադրել եւ երկրների միջեւ շաբաթական թռիչքներ սկսել, հաղորդում է Reuters-ը:
Իսրայել Բահրեյնի պաշտոնատար անձանց կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ թագավորության արտաքին գործերի նախարար Աբդուլլաթիֆ Ալ-Զայանին ասել է, որ հարաբերությունների կարգավորմանն ուղղված սեպտեմբերի 15-ի համաձայնագիրը նշանակում է «խաղաղություն, որը ակնհայտ օգուտ կբերի մեր ժողովուրդներին»:
Ալ-Զայանիի այցը համընկել է Իսրայել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցի հետ, ով ողջունել է Թրամփի վարչակազմի միջնորդությամբ տարածաշրջանային մերձեցումը:
Նորմալացման համաձայնագրերը «Իրանի Իսլամական Հանրապետության նման չարամիտներին ասում են, որ իրենց ազդեցությունը տարածաշրջանում թուլանում է, եւ որ նրանք գնալով մեկուսանում են ու միշտ այդպես կմնան, քանի դեռ չեն փոխել իրենց կուրսը»,- ասել է Պոմպեոն:
Ալ-Զայանին հայտարարել է, որ դեկտեմբերի 1-ից բահրեյնցիներն ու իսրայելացիները կկարողանան մուտքի վիզաներ ստանալու առցանց դիմումներ ներկայացնել:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին, ով հաջորդ ամիս պետք է այցելի Մանամա, հույս է հայտնել, որ դեսպանատների բացման արարողությունները տեղի կունենան 2020-ի վերջին:





























