Եվրամիությունը կարծում է, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում վերսկսել քաղաքական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ Այս մասին նշված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հինգշաբթի Բրյուսելում տարածված հայտարարության մեջ։

«ԵՄ-ն կարծում է, որ անհրաժեշտ է վերականգնել հակամարտության բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորման, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ ջանքերը»,- նշված է հայտարարության մեջ։

Եվրամիությունը մտադիր է ուշադիր հետեւել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի դրույթների կատարմանը, հատկապես Ռուսաստանի եւ Թուրքիայի մոնիթորինգային կենտրոնի աշխատանքին։

Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կոչ է անում օտարերկրյա գրոհայիններին ամբողջությամբ եւ արագ դուրս բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանից։  «ԵՄ-ն տարածաշրջանային բոլոր դերակատարներին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են սպառնալ զինադադարին: ԵՄ-ն նաեւ կոչ է անում տարածաշրջանից ամբողջությամբ եւ արագ դուրս բերել բոլոր օտարերկրյա գրոհայիններին»,- նշված է հայտարարության մեջ։