Արցախի ինքնիշխանությունը խորապես ճեղքվել է Արայիկ Հարությունյանի՝ իշխանության գալու պահից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ բոլորը նախապես գիտեին, որ Արայիկ Հարությունյանն ամեն քայլը համաձայնեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ: «Դա ինքնին նվաստացնում է Արցախի Հանրապետության իմիջը: Անցյալում միշտ եղել են դրվագներ, երբ Արցախը չի համաձայնել ՄԽ առաջարկների մի մասի հետ: Հայաստանը որպես կանոն համաձայնվում էր փոքր-ինչ հստակեցումներ մտցնելով: Հենց Արցախը միշտ կարող էր անհամաձայնություն հայտնել: Կարդացեք, թե դա ինչպես եղավ, օրինակ, Հայաստանի առաջին նախագահի օրոք»,-նշեց Ալավերդյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահին չի հաջողվել փոխել Մադրիդյան սկզբունքների հունը: «Պատահական չէ, որ ասում են, որ գործընթացն ընթանում էր: Հույսն այն էր, որ չենք ստորագրի: Սերժ Սարգսյանը չէր ցանկանում անձամբ իրականացնել այն, ինչին համաձայնել էր: Իսկ արդյոք Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են, չեմ կարող հստակ ասել: Սակայն այն, որ Նիկոլ Փաշինյանը եկել է, որպեսզի անի այն, ինչ իր ժամանակին առաջարկում էր առաջին նախագահը, միանշանակ է: Սակայն այդ ժամանակ չէր ծրագրվում ծվատել Լեռնային Ղարաբաղի տարածքը: Պատահական չէ, որ առաջին նախագահը բաժանվեց իր հետեւորդից»,-ընդգծեց առաջին օմբուդսմենը:

Լարիսա Ալավերդյանը պնդեց, որ Արցախի ինքնիշխանության կորուստը սկսվել է Արայիկ Հարությունյանի՝ իշխանության գալու պահից. «Նա՝ լինելով հաջողակ տնտեսագետ, կարող էր համոզել ժողովրդին, որ կարող է Արցախը բարգավաճման տանել, սակայն օրակարգում անվտանգությունն էր, այլ ոչ թե բարգավաճումը: Երբ Երեւանի թելադրանքով փոփոխում են գեներալներին եւ պաշտոնյաներին, պետք է հասկանալ, որ Արցախի ինքնիշխանությունը փլուզվում է: Իսկ եթե դա տեսնում ենք մենք, տեսնում են նաեւ արտասահմանում»:

Առաջին օմբուդսմենը հավելեց, որ Արցախը դե-ֆակտո ճանաչվել է խոշոր պետությունների կողմից, ինչի մասին վկայում են արասահմանում հանրապետության ներկայացուցչությունները: