Ռուս խաղաղապահներն ուրբաթ օրը Աղդամում հանդիպում են ունեցել ադրբեջանցի զինվորականների հետ եւ քննարկել շրջանի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելու կարգը: Դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ը:

«3 պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից ձեռքբերված համաձայնություններին համապատասխան՝ Աղդամի շրջանն այսօրվանից փոխանցվում է ադրբեջանական կողմին»,-լրագրողներին հայտնել է խաղաղապահների շտաբի պետ, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը:

«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դերն է համաձայնություններին համապատասխան քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովումը, տարածքից հայկական ստորաբաժանումների դուրսբերման ապահովումը: Դրանք արդեն դուրս են բերվել Աղդամի տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մուտքից առաջ»,-ասել է նա:

Նա հավելել է, որ շրջանի անցումն Ադրբեջանին ընթացել է բնականոն ռեժիմով, առանց միջադեպերի եւ սադրանքների: