ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Գլիմորը պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկուցին:

Նրա հայտարարության համաձայն՝ Միացյալ Նահանգներն անկեղծորեն ողջունում է բռնությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

«Մենք ի գիտություն ենք ընդւոնել Մոսկվայի միջնորդությամբ մարտական գործողությունների դադարեցման մասին համաձայնությունն ու գնահատում ենք ներկայացված հավելյալ տեղեկատվությունը՝ կապված այդ պայմանավորվածության փաստացի իրականացման հետ: Կողմերին կոչ ենք անում աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ չլուծված հարցերի լուծման եւ այդ հակամարտության ամուր եւ խաղաղ կարգավորման հասնելու համար»,-պատասխանել է Գլիմորը:

Դեսպանն ընդգծել է, որ ցանկացած վերջնական բանաձեւ պետք է հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշում:

«Չնայած նրան, որ մարտական գործողությունները հիմնականում դադարել են, մարդասիրական իրավիճակը մնում է սարսափելի: ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունում մարդասիրական ճգնաժամը:

Հակամարտության գոտում պայմաններն ավելի են սրվում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, եւ, անկասկած, կսրվեն ձմռան գալուն պես:

Կողմերին կոչ ենք անում սերտորեն համագործակցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ձերբակալվածների փոխանակումը եւ աճյունների վերադարձը կազմակերպելու, ինչպես նաեւ հոկտեմբերի 29-ին Ժնեւում համաձայնեցված մյուս քայլերի շուրջ»,-գրել է դեսպանը: