Ես երախտապարտ եմ համաժողովրդական պայքարի բոլոր այն նվիրյալներին, որոնց պայքարի ոգին ստիպեց իշխանություններին հասկանալ, որ չի կարելի սեփական ժողովրդի հետ բիրտ ուժով խոսել, որ քաղբանտարկյալ ունենալը անհարիր է մեր հասարակությանը: Այսօր` մայիսի 31-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարել է օրերս ազատություն ստացած, նախկին պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:

«Այսօր մենք կրկին միասին ենք եւ ուրախ եմ ձեզ ողջունել ազատագրված Ազատության հրապարակում: Ձեր վճռականությունը, շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի բարձր ինտելեկտն ու քաղաքական հաշվարկը տվեցին իրենց արդյունքը: Սա ձեր հաղթանակն է, մեր միասնական պայքարի հաղթանակն է»,- ասել է նա, հավելելով, որ դրանով հաղթանակը չի սահմանափակվում:

«Այսօր քաղաքական մթնոլորտի փոփոխման նախադրյալներն են երեւում: Տեղի են ունենում խորքային փոփոխություններ: Եթե 2008-ին ողջ հեռուստաեթերը հեղեղված էր ընդդիմությանը ստորացնելով, այժմ նույն այդ հեռուստաընկերությունները ցույց են տալիս, թե ինչ ցնծությամբ է ժողովուրդը դիմավորում քաղբանտարկյալներին:

Իշխանություն-ընդդիմություն փոհարաբերություններում ստեղծվել է մի նոր վիճակ` սահմանադրական կարգը վերականգնելու համար: Պայքարի այս փուլում լինելով ավելի համամբված եւ վճռական` մենք կարող ենք հասնել նրան, որ իշխանությունը վերադարձվի ժողովրդին:

Այսօրվա հանրահավաքը մեր պայքարի շրջադարձային նոր փուլի սկիզբն է, ես եղել եմ, մնում եմ ձեր զինվորը, վստահեցնում եմ, որ ոչ մի զնդան չի կարող կոտրել իմ ոգին:

Ես հավատացած եմ, որ նոր հաղթանակը շատ մոտ է, այն լինելու է Հայաստանի տիրոջ` ժողովրդի ձեռքում»,- ընդգծել է Սասուն Միքայելյանը: