Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` մայիսի 31-ին այցելել է Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր համայնք, տեղում ծանոթացել ինքնակառավարման մարմիններում ստեղծված իրավիճակին:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խնդիրն այն է, որ համայնքի ավագանին չի հաստաստել համայնքի բյուջեի նախագիծը: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի`  համայնքի ղեկավարը դրել է հրաժարականի միջոցով  իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը, ինչն էլ ընդունվել է ավագանու կողմից:

Օրենքով սահմանված կարգով մարզպետը հարցը ներկայացրել է կառավարություն:

Փոխվարչապետը համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների հետ քննարկել է ստեղծված իրավիճակը: Նա կոչ է արել, ելնելով համայնքի շահերից, մի կողմ թողնել առկա տարաձայնությունները եւ համատեղ աշխատել մինչեւ համայնքապետի լիազորությունների ժամկետի ավարտը: Գործող համայնքապետի լիազորություններն ավարտվում են 2012թ. հոկտեմբերին: