Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է 2011 թվականի մարտի 25-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի, տեղամասային ավագ տեսուչի եւ դատաբժշկի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութության, կեղծ եզրակացություն տալու, եւ քաղաքացիների կողմից ապօրինի զենք, ռազմամթերք կրելու, պահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է հետեւյալը.
2010թ. հուլիսի 4-ին ժամը 21.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակիչ, մեղադրյալ Ա. Հայրապետյանը զանգահարել է համաքաղաքացի, տուժող Ա. Խաչատրյանին եւ իրենց միջեւ առաջացած որոշ տարաձայնություններ պարզաբանելու նպատակով, հրավիրել է հանդիպման, նախապես զանգահարելով եւ կանչելով նաեւ եղբորը` մեղադրյալ Կ. Հայրապետյանին: Հանդիպման ընթացքում Ա. Խաչատրյանի ու Ա. Հայրապետյանի զրույցը վեր է ածվել վիճաբանության, քաշքշոցի ու ծեծկռտուքի, որի ընթացքում Ա. Հայրապետյանն իր մոտ ապօրինի պահվող VOLTRAN տեսակի գազային ատրճանակով 2-3 անգամ կրակել է օդ, ապա դրանով հարվածել Ա. Խաչատրյանի գլխի եւ քթի շրջաններին` պատճառելով առողջությանը թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով, իսկ Կ. Հայրապետյանը, իր ՙՌենո՚ մակնիշի ավտոմեքենայից վերցնելով, ապօրինի ձեռք բերված եւ պահված, հրազեն հանդիսացող ԱԿՄ տեսակի ինքնաձիգը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ կրակել է Ա. Խաչատրյանի ոտքին` պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք:
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, մեղադրյալ Կ. Ներսիսյանը, 2010թ. հուլիսի 5-ին բաժնի պատասխանատու հերթապահից հաղորդում է ստացել այն մասին, որ հուլիսի 4-ին բուժօգնություն ստանալու նպատակով Աղիտու գյուղի զինվորական հոսպիտալ է դիմել Սիսիան քաղաքի բնակիչ Ա. Խաչատրյանը, ով մարմնական վնասվածքներն ստացել է վայր ընկնելու հետեւանքով, եւ հետաքննության իրականացումը հանձնարարել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ, մեղադրյալ Հ. Արսենյանին:
Հաջորդ օրը` հուլիսի 6-ին, նույն բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր, վկա Վ. Ծատուրյանից տեղեկանալով, որ հիշյալ քաղաքացին մարմնական վնասվածքներն ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ նույն քաղաքի բնակիչ Ա. Հայրապետյանի կողմից երկաթյա ձողով հարվածելու հետեւանքով, այդ մասին զեկուցագիր է ներկայացրել Կ. Ներսիսյանին: Վերջինս իր մոտ է հրավիրել Ա. Հայրապետյանին, ով բանավոր հարցման ընթացքում դեպքի փաստական հանգամանքները` եղբոր` Կ. Հայրապետյանի կողմից հրազենի գործադրմամբ պատճառված մարմնական վնասվածքը եւ միջադեպի մասնակիցների շրջանակը թաքցնելով, ներկայացրել է իբրեւ երկաթյա ձողով պատճառված վնասվածք, ապա դիմել է գործին ընթացք չտալու խնդրանքով:
Կ. Ներսիսյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով ու ծառայողական պարտականությունները չկատարելով` առանց հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ որեւէ միջոցառում ձեռնարկելու, ստացված օպերատիվ հաղորդումն ստուգելու եւ քննարկելու, իր մոտ է հրավիրել նույն բաժնի պրոֆիլակտիկայի ավագ տեղամասային տեսուչ Հ. Արսենյանին ու հանձնարարել բացատրություն վերցնել Ա. Հայրապետյանից` ուղղորդելով վերջինիս ներկայացրածն ընդունել որպես օբյեկտիվ ճշմարտություն: Այդ մասին բացատրություն վերցնելուց հետո, Կ. Ներսիսյանի եւ Հ. Արսենյանի պահանջով, միջադեպի ընթացքում օգտագործված ՙVOLTRAN՚ տեսակի ատրճանակն ու 9 մմ տրամաչափի մեկ ձայնային փամփուշտը Ա. Հայրապետյանը ներկայացրել է ոստիկանության բաժին` սակայն ներկայացված ապօրինի գազային ատրճանակն արձանագրվել է որպես կամովին հանձնում: Նույն օրը Հ. Արսենյանը որոշում է կայացրել Ա. Խաչատրյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին, որի կատարումը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի Սիսիանի տարածքի դատաբժշկական փորձագետ, մեղադրյալ Ս. Հայրապետյանին:
Վերջինս, դատաբժշկական փորձաքննության է ենթարկել Ա. Խաչատրյանին եւ գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցով վերջինիս պատճառված մարմնական վնասվածքը խեղաթյուրել է` նշելով, իբր մարմնական վնասվածքը պատճառվել է հարթ եզր ունեցող կոշտ, բութ առարկայով` դա ներկայացնելով որպես արհեստական ապացույց, ապա այդ կապակցությամբ 2010թ. հուլիսի 7-ին կազմել եւ տվել է թիվ 115 ակնհայտ կեղծ եզրակացությունը:
Հ. Արսենյանը, իր ծառայական պարտականությունները ոչ պատշաճ կատարելով ու կոպիտ կերպով խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի պահանջները, հանցագործության եւ դրանք կատարող անձանց բացահայտելու ուղղությամբ քրեադատավարական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ չի ձեռնարկել, տուժողի հագուստները չի առգրավել եւ չի ներկայացրել համապատասխան փորձաքննության: Ինչպես նաեւ քրեադատավարական միջոցառումներ չի ձեռնարկել հրազենի առկայության եւ դրա գործադրման փաստը հայտնաբերելու ուղղությամբ, ապա հետաքննությունը համարելով ավարտված` 2010թ. հուլիսի 28-ին որոշում է կայացրել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որի արդյունքում ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու եւ դրա գործադրմամբ մարմնական վնասվածք պատճառելու համար Կ. Հայրապետյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից: Այնուհետեւ` դեպքին հաջորդող օրերին, Կ. Ներսիսյանը, տարբեր բնույթի խոսակցություններ լսելով այն մասին, որ միջադեպի ընթացքում օգտագործվել է հրազեն, 2010թ. օգոստոսին Ա. Հայրապետյանից պահանջել է այն ներկայացնել: 2010թ. սեպտեմբերի 15-ին որոշում է կայացրել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հրազենը կամովին հանձնելու եւ հանցագործությունը մինչեւ վերջ հասցնելուց հրաժարվելու հիմքով:
Նախաքննական մարմինը Կ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, Հ. Արսենյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, Ս. Հայրապետյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ա. Հայրապետյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, Կ. Հայրապետյանին` ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ըստ էության քննելու համար:




























