Ոստիկանությունը պարզել է 2010 թվականի հունիսի 23-ին Էջմիածնի բնակիչ Ա. Վարդանյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձանց ինքնությունը եւ ձերբակալել նրանց: Այդ ժամանակ, անհայտ անձինք զինված մտել էին Ա. Վարդանյանի տուն եւ հափշտակել 4 մլն դրամ, 8 հազար դոլար եւ ոսկյա ու արծաթյա զարդեր:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների եւ Էջմիածնի բաժնի աշխատակիցները մայիսի 27-ին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երեւանի Չարենցի փողոցի բնակիչ 24-ամյա Հովհաննես Իսպիրյանին:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Խաչատրյանը խոստովանել է, որ Ա. Վարդանյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը կատարել է ինքը` Երեւանի Էստոնական փողոցի բնակիչ 45-ամյա Սամսոն Սարգսյանի եւ նախկինում դատված 43-ամյա Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
Վերջինս 2010 թվականի օգոստոսին կողոպուտ կատարելու համար դատապարտվել է ՀՀ քրօրի 176 հոդվածի հատկանիշներով եւ այս պահին իր պատիժն է կրում «Էրեբունի» ՔԿՀ-ում:
Մայիսի 30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները դեպքի վայրում քննչական փորձարարական աշխատանքներ են կատարել, որին մասնակցել է ոստիկանության Էջմիածնի քննչական բաժնի քննիչը:
Ավազակային հարձակման պահին երեք կասկածյալներն էլ զինված են եղել ատրճանակներով, սակայն չեն կրակել, միայն վախեցրել են:
Հունիսի 1-ին քննչական մարմինը դիմելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Իսպիրյանն ու Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանք:
Նշենք, որ տուժողը զբաղվում է մանր եւ միջին բիզնեսով (ծաղկի բիզնես է անում):
Հանցագործության բացահայտման աշխատանքները ղեկավարել են ոստիկանության ՔՀԳ վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Տիգրան Եսայանը:




























