Երեկ երեկոյան Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը ժամանել է Երեւան։ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո Եվրոպայի չեմպիոններին են մոտեցել բազմաթիվ հայ երկրպագուներ, որոնք եկել էին իրենց կուռքերի հետ լուսանկարվելու եւ նրանց ստորագրությունները վերցնելու համար։ Ամենաշատը ճանաչված էին «Բարսելոնի» խաղացողները, եւ միայն մադրիդյան «Ռեալի» դարպասապահը կարողացավ նրանց այս հարցում մրցակից լինել։ Հաջողությամբ առանձնանում էին նաեւ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը։

Ինչպես հայտնում է իսպանական «Մարկա»-ն՝ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներից ոչ մեկը չի ուզում բաց թողնել այդ խաղը։

Հիշեցնենք, որ հարցականի տակ էր «Բարսելոնի» կիսապաշտպան Չավի Էռնանդեսի եւ Ֆերնանդո Տորեսի խաղին մասնակցելու հանգամանքը, քանի որ նրանք թեթեւ վնասվածքներ էին ստացել։ Սակայն երկու խաղացողներն էլ ձգտում են դուրս գալ խաղադաշտ։ Ինչ վերաբերում է թուրքական «Ֆեներբախչե» թիմի հարձակվող Դանի Գուիսային, ով Վիսենտե Դել Բոսկեի ցուցումով ժամանել է ոչ այնքան առողջ վիճակում, հայտարարել է, թե ինքը բավականին առողջացել է եւ կարող է դուրս գալ խաղադաշտ։

«Չգիտեմ, դուրս կգամ արդյոք խաղադաշտ թիմի հիմնական կազմում, թե ոչ, բայց պետք է հաշվի առնենք, որ Վիլյանը բացակայում է»,-ասել է նա։

Նշենք որ, իսպանական լրատվամիջոցները ազգային հավաքականի մարզիչին խորհուրդ են տվել խնայել իսպանական ֆուտբոլի առաջատարներին եւ ոչ մեկին խաղադաշտ չթողնել, քանի որ այս խաղը արդեն ոչինչ չի որոշում։