Երեւանում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների գործով հետաքննությունը ակնկալում է քաղաքացիների աջակցությունը: Հատկապես մարդկանց մահվան հանգամանքների բացահայտման առումով: Այդ մասին հայտարարել է Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը այսօր` հունիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում: Նշենք, որ դատախազությունը «բաց դռների օրեր» է անցկացնում լրագրողների համար` բնակչությանը մարտիմեկյան իրադարձությունների հետաքննության վերաբերյալ ավելի լավ տեղեկացնելու նպատակով:
Վահագն Հարությունյանի խոսքով, առայժմ որեւէ հանգամանք չի պարզվել: Որեւէ արձագանք չկա նաեւ համագործակցելու նախորդ կոչից: Խմբի ղեկավարը հաղորդել է, որ անցած շաբաթվանից այս կողմ հարցաքննվել է եւս 20 մարդ: Նախատեսվում է հարցաքննել եւս մի քանի հարյուր քաղաքացիների, որոնց մի մասի ինքնությունը ներկայումս պարզվում է: Այդ կապակցությամբ Հարությունյանը նկատել է, որ եթե ինչ որ մեկը քննությանն ասելու բան ունի, հրավերի կարիք չունի:
Պատասխանելով մարտի 1-ին ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանների օրինականության մասին հարցերին, Վահագն Հարությունյանը նշել է, թե ծառայողական պարտականությունների չարաշահման որեւէ դեպք չի բավահայտվել, իսկ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ:
Միաժամանակ Վ. Հարությունյանը նշել է, որ չկա տեսագրություն, ըստ որի ոստիկանությունը մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարներին զգուշացրած լինի, որ եկել են տարածքում զենք փնտրելու: Այսինքն, դա ոստիկանների բանավոր պնդումներն են, թե ցուցարաները բռնության են դիմել:
Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ին ընտրությունների արդյունքները կեղծելու դեմ բողոքի ցուցի ելած խաղաղ ցուցարարների դեմ իշխանությունները ուժ են կիրառել, որի հետեւանքով 10 մարդ մահացել է, հարյուրավոր մարդիկ` վիրավորվել:



























