Կառավարական 3 մասնաշենքի ներսում գտնվող պտղատու ծառերը անխնա վիճակում են` վարակված տարբեր վնասատուներով: Դրանում համոզվեցին նաեւ արտասահմանցի հյուրերը եւ լրագրողները, որոնք մայիսի 31-ին հրավիրված էին մասնակցելու այդ մասնաշենքում տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստին:

Ընդ որում` ծիրանենիներն ու խնձորենիները գտնվում են անմիջապես դեպի մուտք տանող ճանապարհի եզրին, այսինքն` անզեն աչքով վնասված ծառերը նկատելի էին բոլոր այցելուների համար: Ծիրանենիների մոտ աչքի էր զարնում այն հիվանդությունը, որ գյուղացիներն անվանում են «շիրա»: Այսինքն` ծառերի տեւեւները կարծես շիրոտվում են, իրականում դա վնասատուների արտաթորանքն է: Խնձորենիները վարակված էին առավելապես սեւագույն վնասատուներով, որոնց պատճառով տերեւները կծկվում են եւ մահանում:

Հատկանշական է, որ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել գյուղատնտեսությանը, սակայն միջոցներ չի գտնում սեփական խնամքի տակ գտնվող ծառերը վնասատուներից պաշտպանելու համար:

Հնարավոր է` բյուջեից այդ միջոցներն առանձնացվել են, սակայն համապատասխան ծառայությունը պարզապես թերացել է: