Համաշխարհային բանկի եւ Հայաստանի միջեւ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր են Երեւանում քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, «Երկրի գործընկերության ռազմավարությունը» (CPS) ծրագրի իրականացման ընթացքը: Անդրադարձ է եղել ՀՀ կառավարության կողմից ՀԲ-ի օժանդակությամբ 2010թ. սեպտեմբերին Դիլիջանում կազմակերպված համաժողովի ժամանակ արծարծված հարցերին, որոնք վերաբերում էին համաշխարհային հետճգնաժամային փոփոխված միջավայրում հանրային քաղաքականության միջոցով ներդրումների, արտահանման ու տնտեսական աճի խթանմանը, ինչպես նաեւ Հայաստանում աղքատության նվազեցմանը։
Իր հերթին Ասադ Ալամը նշել է, որ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է ՀԲ աջակցությամբ մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին: Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ այցելել է ՀԲ-ի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում Գորիսի վերակառուցված, բժշկական ժամանակակից սարքավորումներով ու գույքով հագեցված բժշկական կենտրոն, ծանոթացել է ոռոգման ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներին, եղել է Մեղրիի մաքսատանը: Նա խոսել է նաեւ Տաթեւ կատարած իր այցելության մասին, որի շրջանակում ծանոթացել է ՀԲ-ի աջակցությամբ վերակառուցված Հալիձորից «Սատանի կամուրջ» տանող ճանապարհի վիճակին:
Կողմերն անդրադարձել են համատեղ ծրագրերի արդյունավետության եւ այդ համատեքստում տեխնիկական օժանդակության հարցերին: Քննարկվել են պետական կառավարման համակարգի արդիականացման հնարավորությունները, մասնավորապես, ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի ինտեգրման գործընթացի եւ այդ նպատակով համապատասխան կարողությունների ձեւավորման մանրամասները:




























