Իշխանությունների հետ բանակցելու պատրաստակամություն հայտնելով՝ Հայ ազգային կոնգրեսը փոխում է իր մարտավարությունը, շեղվում իր սկզբունքներից ու նախկինում արած հայտարարություններից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մայիսի 31-ին ՀԱԿ առաջնորդի հայտարարությանը, համաձայն որի ընդդիմությունը պատրաստ է պատվիրակություն կազմել եւ սկսել իշխանությունների հետ բանակցություններ վարել։

«Մենք ականատես ենք մի փաստի, երբ ՀԱԿ-ի նախկին եւ ներկայիս նպատակներն ու գործողությունները սկսում են չհամընկնել։ Այն  ծրագրերն ու նպատակները, որոնք ՀԱԿ-ն ուներ 2008-ին, այժմ այլեւս օրակարգում չեն»,- նկատեց Մարտիրոսյանը։

Պատգամավորի խոսքով, իշխանություններն ընդառաջ կգնան ընդդիմության պատրաստակամությանը եւ երկխոսություն կսկսեն։ «Երկխոսություն՝ նաեւ արտահերթ ընտրությունների թեմայի շուրջ կլինի, բայց չեմ կարծում, որ դա իրատեսական է եւ երկխոսության համաձայնությունը այդ ծայրահեղ դրսեւորումների մեջ է տեղավորվում, մանավանդ, որ ծայրահեղ մոտեցումներից հրաժարվել է նաեւ իշխանությունը եւ քաղբանտարկյալներին ազատ է արձակել»,- նկատեց պատգամավորը։

Արմեն Մարտիրոսյանը բացառեց, որ իշխանություն-ընդդիմություն  երկխոսության ժամանակ կողմերից որեւէ մեկը վերջնագիր կներկայացնի, մանավանդ որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, «անհասկացողության պատը քանդվում է»։

Նշենք, որ երեկ կայացած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը պատրաստվում է 3-5 հոգանոց պատվիրակություն կազմել, որն էլ կսկսի իշխանությունների հետ բանակցությունները։