«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ս.Սաֆարյանի հաղորդումը` «Ավագշին» կազմակերպության կողմից Նալբանդյան 106/1 հասցեում ապօրինի շինարարություն եւ ծառահատում կատարելու մասին, ուղարկվել է Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանին` դիմումում արծարծված հանգամանքները ստուգելու նպատակով»:
Հիշեցնենք, որ խմբակցությունը պահանջել էր քրեական գործ հարուցել Սայաթ Նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան եւ Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածքում (Նալբանդյան 106/1 հասցեում տեղակայված, նախկինում Ոստիկանության հաշվեկշռում գտնված մանկապարտեզի տարածքում) իրականացված ապօրինությունների փաստերի առնչությամբ, որոնց արձանագրել էին «Ժառանգության» պատգամավորները ՀՀ քաղաքաշինության եւ բնապահպանության նախարարների հետ նշված բակային տարածք ստուգայց կատարելուց հետո:
Ստուգայցից օրեր անց. պատգամավոր Անահիտ Բախշյանն այցելել էր նաեւ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչություն, ծանոթացել քաղաքապետարանի հետ «Ավագշին» կազմակերպության համաձայնեցրած քանդման աշխատանքների նախագծին եւ հայտնաբերել կառուցապատողի կողմից անթույլատրելի ինքնագործունեություն:
Առաջիկա օրերին «Ժառանգությունը» Ոստիկանության Կենտրոնական բաժանմունք կուղարկի նաեւ իր ձեռքի տակ եղած մյուս փաստաթղթերը, որոնք վկայում են կառուցապատողի լուրջ օրինախախտումների մասին:
Հունիսի 1-ին «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը եւ Ստյոպա Սաֆարյանը բնակիչների խնդրանքով այցելել էին նաեւ Լալայանց 37, Կողբացի 42, Պուշկինի 40, Տերյան 19, 23, 25, Հյուսիսային Պողոտա 6 շենքերով պարփակված տարածք` Պուշկինի 38 հասցե, որտեղ Նալբանդյան 106/1 հասցեի համանմանությամբ մեկ այլ շինարարական կազմակերպություն` “Լոքըլ Դիվելոփըրզ” ՍՊԸ-ն, շենքերի ներբակային տարածքում կանաչ գոտու ոչնչացմամբ իրականացնում է բարձրահարկ շենքի շինարարություն:
Խմբակցությունը պատրաստվում է զորակցել երկու տարածքների բնակիչներին` դատական ու պետական ատյաններում նման անթույլատրելի քաղաքաշինական ծրագրերի վիճարկման հարցում:




























