Տղամարդկանց համար նախատեսված FHM ամսագիրը ստիպված է եղել պաշտոնապես ներողություն խնդրել ավստրալացի մանեկեն Անդրեյ Պեժիչից, քանի որ նրա անունը հայտնվել է «աշխարհի ամենասեքսուալ կանանց» ամենամյա ցանկում:

Անդրեյը այց ցանկում զբաղեցրել է 98-րդ հորիզոնականը, առաջ անցնելով երգչուհի Lady GaGa-ից եւ բրազիլացի գեղեցկուհի Իսաբել Գուլարից (Victoria`s Secret-ի նախկին աստղ):

FHM-ի հայտարարության մեջ նշվում է, որ խմբագրությունը ժամանակին նկատել է սխալը եւ TOP-100-ի տպագիր տարբերակում Անդրեյ Պեժիչի անունն արդեն չկա: Տղամարդը, ով շատ նման է կնոջ, այդ ցանկում է հայտնվել ընթերցողների քվեարկությունների արդյունքների հիման վրա, բացատրել են FHM-ում:

Սակայն Պեժիչի անունը նախկինի պես «բազմել է» FHM-ի կայքի ամենասեքսուալ կանանց վարկանիշային աղյուսակի 98-րդ հորիզոնականում, թեեւ նրա մասին հոդվածը հեռացվել է եւ դրա փոխարեն ներողության տեքստն է, գրում է NEWSru.co.il-ը: