Հայաստանի ֆրանսիական համալսարանում ստորագրահավաք է սկսվել, որի կազմակերպիչները պահանջում են աշխատանքից ազատել պրոռեկտոր Արայիկ Նավոյանին:

NEWS.am-ի աղբյուրների համաձայն, այդ ակցիայի կազմակերպիչները բուհի շրջանավարտներն են, քանի որ ներկա ուսանողները մտավախություն ունեն, որ եթե մասնակցեն ստորագրահավաքին, կարող են լուրջ խնդիրներ ունենալ:

«Նավոյանին ոչ ոք չի սիրում, բայց եթե ստորագրենք, բայց արդյունքի չհասնենք, մեզ համար հետո վատ կլինի»,- ասել է աղբյուրը, ով նույնպես ուսանող է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիական համալսարանում մայիսի 23-ին համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը վիճել, ապա հարվածներ է հասցրել համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանին:

Միջադեպին ներկա NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Սոկրատ Մխիթարյանը անձնական խնդրով հանդիպել է Արայիկ Նավոյանի հետ, որի ընթացքում նա ձայնը բարձրացրել է համալսարանի շրջանավարտի վրա` դուրս հրավիրելով իր սենյակից, իսկ Սոկրատն էլ ասել է` հանգիստ խոսացեք: «Վեճ է տեղի ունեցել: Պրոռեկտորը նրան է վիրավորել, իսկ համալսարանի շրջանավարտն էլ ասել է` «էդ ոնց եք հաբռգել», ինչ ուզում, անում եք: Դրանից հետո Արայիկ Նավոյանը հարվածել է Սոկրատ Մխիթարյանին: Այս ամենը արձանագրել է տարածքը տեսահսկող համալսարանի տեսախցիկները»,- նշել է վեճի ականատես մեր աղբյուրը: