Այսօր` հունիսի 4-ին, 19:30-ի սահմաններում մահվան ելքով ավտովթար է եղել Արարատի ամզրոոմ:

Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երեւան-Երասխ ավտոճանապարհի Մխչյան-Հովտաշեն գյուղերը առնանձնացնող ճանապարհին Toyota-Prado մակնիշի 06 ՍԼ 044 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվելով հայտնվել ձորով անցնող ջրատարի մեջ:

Դեպքի վայրից վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Մասիսի հիվանդանոց, սակայն ըստ ականատեսների, նա ճանապարհին մահացել է: Նրան չեն փրկել անգամ մեքենայի անվտանգության բարձիկները:

Մեքենան ջրատարից դուրս են բերել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Արարատի մարզի փրկարարները:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Խաչիկ Խաչատրյանը: Վերջինիս հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Արտաշատի բաժնի տուգանային հրապարակ:

Դեպքի վայրում ֆոտոլրագրողին հայտնել են, որ վարորդը Կոտայքի մարզի Բջնի գյուղի բնակիչ, 34-ամյա Ա.Աբրահամյանն էր, ով աշխատում էր Արարատի մարզի հարկային ծառայության պետի տեղակալ:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի