Սոցիալական մեդիան հիմնովին փոխում է լրագրությունը. այսօր լուր հաղորդողները միայն լրագրողները չեն, այլեւ ընթերցողները, որոնք հաճախ դառնում են յուրատեսակ լրագրողներ: Այս մասին հունիսի 4-ին BarCamp Yerevan 2011-ի ժամանակ ասաց BBC World News-ի հաղորդավար եւ լրագրող Փունեհ Ղոդուսին: Նրա խոսքով`միշտ կգտնվի մեկը, ով ավելի լավ տեղյակ կլինի այն ամենի մասին, ինչ գրում են լրագրողները, քանի որ սոցիալական ցանցերը, միկրոբլոգային ծառայությունները եւ այլն, մեծ հնարավորություններ են տալիս օգտագործողին` լուսաբանել իրադարձությունները հենց դեպքի վայրից, ուր լրագրողները հաճախ ուղղակի չեն կարողանում գտնվել:

Փ.Ղոդուսիի խոսքով` բազմաթիվ մարդիկ այսօր համագործակցում են լրատամիջոցների հետ եւ օգնում նրանց:

«Հաճախ այնպիսի լուսանկար կամ տեսանյութ է ուղարկվում խմբագրություն, որն ուղղակի անկարելի է չցուցադրել եթերում, ու այլեւս կարեւոր չէ տվյալ նյութի հեղինակի ով լինելը»,- ասաց Փ. Ղոդուսին` նշելով, սակայն, որ երբեմն միեւնույն իրադարձության մասին ընթերցողներից ստանում են հակասական տեղեկություններ, որի հավաստիությունը ստուգելը ավելորդ խնդիր է առաջացնում, ինչը դժվարեցնում է իրենց աշխատանքը: