«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամների ԱՄՆ այցելության 2-րդ փուլը մեկնարկել է հունիս 4-ին` Գլենդեյլի Հանրային Գրադարանում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի  ֆիլմերի ցուցադրությամբ:

«Սարդարապատ» շարժումից NEWS.am-ին հայտնում են, որ համայնքի անդամները հնարավորություն են ունեցել դիտել 3 վավերագրական ժապավեններ` «Երեւանի գլխավոր գաղտնիքը», «Քրիստոսի կենդանագիր պատկերը» եւ «Դեպի Արարատ»:

Ցուցադրությանը հաջորդել է կինոռեժիսորի եւ ներկաների միջեւ զրույցը, որտեղ Տ. Խզմալյանը անցյալը հմտորեն կամրջել է Հայաստանի դիմագրաված այսօրվա մարտահրավերներին:

Միջոցառմանը ներկա են եղել Լոս Անջելեսից եւ հարեւան շրջաններից հավաքված ավելի քան 180 մասնակիցներ: Այս միջոցառմանը առաջիկա շաբաթ հաջորդելու են Տիգրան Խզմալյանի հետ Լոս Անջելեսի հայկական տարբեր հեռուստաժամերի եւ զանգվածային լրատվության այլ միջոցների կողմից կայանալիք հարցազրույցներ: Կինոռեժիսոր Տ. Խզմալյանի ելույթներին զուգահեռ, երկուշաբթի, հունիսի 6-ին, Կոմիտաս վարդապետին նվիրված իր աննախընթաց մուլտիմեդիա գործի ներկայացումով Գլենդեյլում հանդես է գալու «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուգասզանը: