ԱՄՆ ՌՕՈՒ-ն Ռումինիայում բազա է տեղափոխել անհայտ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր եւ 90 օդաչուների՝ տարածաշրջանում մեծացնելով իր ռազմական ներկայությունը դաշնակիցների այն մտավախությունների պատճառով, որ «Ռուսաստանը փորձում է ցուցադրել իր ռազմական հզորությունը», փոխանցում է Associated Press-ը:

Ռումինիայի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ ուժերի տեղափոխումը Կիմպիա-Տուրզի քաղաքում տեղակայված բազա իրականացվելու է մի քանի ամիսների ընթացքում, իսկ այս քայլի նպատակն է տեղեկությունների հավաքումը, ՆԱՏՕ-ի գործողությունների շրջանակում դիտարկումները եւ ուսումնասիրությունները:

«Այս առանցքային ռազմավարական վայրում մեր MQ-9 (Reaper) անօդաչուների առաջավոր եւ պատրաստի դիրքավորումը հանգստացնում է մեր դաշնակիցներին եւ գործընկերներին, ինչպես նաեւ ազդանշան է ուղարկում մեր հակառակորդներին այն մասին, որ մենք կկարողանանք արագ արձագանքել ցանկացած ծագող սպառնալիքի»,- ասել է Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ՌՕՈՒ հրամանատար, գեներալ Ջեֆ Հարիգյանը: