Այսօր միեւնույն իրադարձության մասին մարդիկ տեղեկանում են ոչ միայն իշխանական կամ ընդդիմադիր լրատվամիջոցներից, այլեւ բլոգերից եւ սոցցանցերից: Barcamp Yerevan-2011-ին մասնակցելու համար Երեւան ժամանած BBC World News-ի հաղորդավար եւ լրագրող Փունեհ Ղոդուսիի կարծիքով` սոցիալական մեդիան, այն է` սոցիալական ցանցերը, բլոգային ու միկրոբլոգային ծառայությունները, տեղեկատվության փոխանակման սոցիալական համակարգերը եւ այլն, այսօր մարդկանց համեմատություններ կատարելու եւ «սեւն ու սպիտակը» տարբերելու հնարավորություն են տալիս։ Նրա խոսքով՝ միեւնույն իրադարձության վերաբերյալ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը հաճախ հակասական է լինում:

«Հաճախ անգամ շատ հեղինակավոր լրատվամիջոցներում աշխատող լրագրողները ուղղակի ծուլանում են դուրս գալ փողոց, լինել իրադարձության վայրում, սեփական հարցումներ կատարել եւ հետո նոր միայն նյութ պատրաստել»,-ասաց Փ.Ղոդուսին։ Արդյունքում` երբեմն լրագրողը այլ լրատվամիջոցների լուրեր կարդալով է նյութ գրում, այդ պատճառով` իրականությունն աղավաղված է ներկայացնում:

Փ.Ղոդուսիի կարծիքով` այլընտրանքային տեղեկատվական աղբյուրներից օգտվելու մարդկանց հնարավորությունը նոր մարտհրավեր է նաեւ լրագրողներիի համար:

«Լրագրողներն ուղղակի պետք է ցույց տան այն, ինչ կա, եւ թույլ տան, որպեսզի մարդիկ հասկանան` դա լա՞վ է, թե՞ վատ»,-ասաց Փ. Ղոդուսին։