Պետական միջոցներով աղետի գոտում, 2009-2013 թթ. բնակարանային շինարարության ծրագրով կառուցվող բնակարանների բաշխման հանձնաժողովն այսօր` հունիսի 6-ին  արտագնա նիստ է անցկացրել Ախուրյան համայնքում:

«Շիրակ Կենտրոնից» NEWS.am-ին հայտնում են, որ մինչեւ օրս Ախուրյանում անօթեւանների հերթացուցակում հաշվառված են 184 ընտանիք, որից բնակբաշխման հանձնաժողովին բնակարան ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր հանձնել են 182 ընտանիք, սակայն այդ ընթացքում 3 միայնակ ծեր շահառուներ մահացել են, ուստի նրանց փաստաթղթերը դիտարկման ենթակա չեն: Ախուրյանում եւս կան մի շարք երկրաշարժից անօթեւան ընտանիքներ, ովքեր թեեւ երկրաշարժին բնակարան են կորցրել, սակայն բնակարանաշինության ներկա փուլից չեն կարող օգտվել անօթեւանների հերթացուցակում հաշվառված չլինելու պատճառով:

Այսօրվա նիստի ընթացքում քննարկվել են բնակարանների բաշխման հանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված 62 ընտանիքների փաստաթղթային փաթեթներ, ինչպես նաեւ 22 ընտանիքների մերժման ենթակա փաստաթղթերը:

Բնակարանների բաշխման գործընթացը կանոնակարգող ՀՀ կառավարության որոշումների համաձայն մերժման ենթակա դիմումատուները հրավիրված էին եւ մասնակցել են նիստին: Նրանց դժգոհությանն ի պատասխան, քաղաքաշինության նախարարը խորհուրդ է տվել իրենց իրավունքները պաշտպանել դատարանում:

ՀՀ քաղաքաշինության նախարարի հավաստիացումներով Ախուրյան համայնքում  երկրաշարժից անօթեւան ընտանիքներին բնակարանային ապահովման ծրագրով «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցվելու է  3 բազմաբնակարան շենք, մոտ 105 բնակարանով:

Ավելացնենք, որ տարբեր ԶԼՄ-ներում վերջերս եղան մի շարք հրապարակումներ այս տարի եւս Ախուրյանում բնակարանաշինության աշխատանքների հետաձգման մասին: Հրապարակումներում որպես շինաշխատաքների հետաձգման  հիմնական պատճառ նշվում էր կառուցման համար հատկացված տարածքում գրունտային ջրերի առկայությունը: Սակայն, այդ խնդրին իրենց համատեղ հերկման հայտարարությամբ անդրադարձան Քաղաքաշինության նախարարությունը եւ «Գլենդել Հիլզ» ընկերությունը, որում մասնավորապես ասվում էր. «Ախուրյան համայնքում բնակարանաշինությունն սկսելուց առաջ կառուցապատող կազմակերպությունը («Գլենդել Հիլզ» ՓԲԸ) շինարարության մեկնարկից առաջ պատվիրել է ինժեներա-երկրաբանական հետազոտություն: Համաձայն փորձագիտական եզրակացության, տարածքում 2.7-3 մետր խորության վրա առկա են գրունտային ջրեր, որոնք հոսող չեն եւ խոչընդոտ չեն շենքերի կառուցման համար: Բացի այդ, փորձագիտական եզրակացությունն արձանագրել է, որ շինարարության եւ կառուցվածքների շահագործման վրա ազդող երկրաբանական պրոցեսներ` սողանք, փլուզում եւ այլն չկան: Ախուրյան համայնքում բնակարանաշինության պետական ծրագիրը մեկնարկել է, ընթանում են հողային աշխատանքները»: