Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրոք կարգալույծ է արվել 40 հոգեւորական, իսկ ձեռնադրվել են 300-ը: Այս մասին այսօր` հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Նրա խոսքով` կարգալույծ անելու բոլոր դեպքերում էլ առկա են եղել լուրջ պատճառներ, օրինակ` ինչպիսին Շվեյցարահայ թեմի քահանա Տեր Աբել Մանուկյանի դեպքում էր:
Հարցին, թե հայ եկեղեցական պատմության մեջ ո՞ր կաթողիկոսի օրոք են ամենաշատ հոգեւորականները կարգալույծ արվել, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նշեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում:
Նշենք, որ Գարեգին Բ Ներսիսյանը Ամենայն հայոց 132-րդ կաթողիկոս է ընտրվել 1999թ հոկտեմբերի 27-ին եւ օծվել նոյեմբերի 4-ին:
Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ն հունիսի 1-ին կարգալույծ է հռչակել Տ. Աբել քահանա Մանուկյանին: Պատճառը քահանայի կողմից շարունակվող «կարգազանց անուղղա ընթացքն է»: Շվեյցարիայի հայ համայնքի քահանա Տեր Աբել Մանուկյանը իրեն կարգալույծ հռչակելու կապակցությամբ հանդես է եկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված նամակով. «Ոչ ձեզնից կարգ ստանալն է պատիվ, եւ ոչ էլ կարգալույծ լինելը` անպատվություն: Դուք կկարծեք, թե կարգալույծ անելը Ձեր զորությունն է, մինչդեռ այն ձեր ամենամեծ տկարությունն է: Նկատի ունենալով, որ կարգալուծման սույն տնօրինումը եկեղեցական, վարդապետական, ծիսական, կանոնական, կարգապահական ոչ մի հիմք չունի եւ ընդհակառակը, արդյունք է ընդամենը կաթողիկոսի վստահված իշխանության չարաշահումի, այս որոշումը հայտարարում եմ անարդար, անընդունելի եւ ապօրեն»,- ասել է նա:
Այս դեպքերից հետո մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ Գարեգին Բ-ի օրոք կարգալույծ են արվել ամենաշատ հոգեւորականները: Հայ եկեղեցու պատմության մասնագետները եւս հստակորեն չեն կարող նշել, թե որ կաթողիկոսի օրոք քանի հոգեւորական է կարգալույծ արվել, քանի որ նրանց հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում` տարեթվերի, հերթականության եւ դժվար է կարգալուծության հետ կապված վիճակագրություն գտնելը:




























