ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններն, ըստ էության, երկրում ծագած ներքաղաքական ճգնաժամի հետեւանքն են, որը տեւում է արդեն մի քանի ամիս: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ամերիկանագետ Սուրեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ նախքան ԱՄՆ-ում նախագահական նախընտրական պայքարը հասարակությունում արդեն ձեւավորվել էր փոխադարձ անվստահություն եւ անհանդուրժողականություն: «ԱՄՆ քաղաքացիները միմյանց նկատմամբ դրսեւորում են անհանդուրժող եւ ատելությամբ լի վերաբերմունք: Հասարակությունը պառակտված է: Փոխադարձ անհանդուրժողականությունն ու միմյանց նկատմամբ ատելությունն աճում է եւ էլ ավելի ուժգնանում: ԱՄՆ նոր ղեկավարի համար բավականին դժվար կլինի դառնալ բոլոր ամերիկացիների նախագահը, քանի որ թեկնածուներ Բայդենի եւ Թրամփի միջեւ ձայները բաշխվել են, ընդհանուր առմամբ, հավասար չափով, Բայդենը աննշան գերազանցել է: Դա էլ հանգեցրել է բոլոր այդ գործընթացներին»,-պարզաբանել է փորձագետը:
Պատասխանելով հարցին՝ արդյոք երկարատեւ կլինի միեւնույն երկրի քաղաքացիների փոխադարձ ատելությունն ու անհանդուրժողականությունը միմյանց նկատմամբ, ամերիկանագետը նշել է, որ տվյալ դեպքում բարդ է ինչ-որ կանխատեսում անել: «Ամեն դեպքում ԱՄՆ-ում պետական ինստիտուները վաղուց ձեւավորված են եւ լիարժեք գործում են: Ջո Բայդենի երդմնակալությունից հետո բոլոր ներկայիս գործընթացները կկայունանան եւ իրավիճակը նույնպես»,-եզրափակել է փորձագետը:
Հիշեցնենք, որ նախօրեին Վաշինգտոնը վերածվել էր քաոսի: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք՝ ստիպելով Սենատին տարհանվել, իսկ փոխնախագահ Մայք Փենսին՝ տեղափոխել անվտանգ վայր: Բողոքի ցույցերը ստիպել էին ընդհատել նախագահական ընտրությունների արդյունքում Ջո Բայդենի հաղթանակը հավաստող նիստը: Վաշինգտոնի քաղաքապետը հայտարարել է պարետային ժամ սահմանելու մասին: Ավելի ուշ ցուցարարները դուրս են բերվել շենքից:




























