Հայաստանի կրթության ոլորտի ներկայացուցիչները Վրաստանում ծանոթացել են բուհերի միասնական քննությունների ընթացքին եւ այդ ընթացքը հսկող սարքավորումներին:
Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կոկա Սեփերթելաձեն Հայաստանի քննական կենտրոնի տնօրեն Կարո Նասիբյանին, Հայաստանի կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանին եւ այլ հայ մասնագետների ծանոթացրել է վերջին համակարգերով հագեցած այն սերվերների կենտրոնի հետ, որտեղից Վրաստանի ԿԳՆ ներկայացուցիչները ամբողջ Վրաստանի մաշտաբով տեսագրության միջոցով վերահսկում էին քննական ընթացքը, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ըստ գործակալության, հայկական պատվիրակությունն առաջին հերթին հետաքրքրվել է քննություն անցկացնելու CAT համակարգով, ինչպես նաեւ այցելել Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության քննական ազգային կենտրոնը:
Հայկական պատվիրակությունը հետաքրքրվել է նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից առաջարկված ծրագրով, որի համաձայն յուրաքանչյուր առաջին դասարանցին notebook է նվեր ստանում, ինչպես նաեւ հենց առաջին դասարանից սովորում անգլերեն:
Հիշեցնենք, որ հայ գործըկերները Վրաստան էին այցելել Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարության կողմից վերջին ժամանակաշրջանում կրթական համակարգում իրականացրած նորամուծությունների հետ ծանոթանալու համար:




























