Հայաստանի Ազգային կինոկենտրոնն առաջին անգամ կազմակերպելու է կինոյի ազգային մրցանակաբաշխություն: Այս մասին այսօր` հունիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: «Պիտի փորձենք այս մրցանակաբաշխությունը անել շատ գեղեցիկ, բարձր որակով, որն էապես կտարբերվի մինչ այս Հայաստանում արված մրցանակաբաշխություններից: Կազմակերպումից է կախված, թե հետագայում դա շարունակություն կունենա՞, թե` ոչ»,- ասաց նա:
Մրցանակաբաշխության կազմակերպման համար նախնական բանակցություններ են վարվում «Օրանժ» ընկերության հետ: Ստեղծվում է հիմնադրամը, անվանակարգերը, հստակեցվում են չափանիշները, թե ինչ ֆիլմեր կարող են լինել, ովքեր կարող են ներկայացնել, ինչ մրցանակներ են տրվելու: Մրցանակաբաշխության նախնական անունը որոշված է «Պեպո»: Գեւորգ Գեւորգյանը նշեց, որ շուտով հանդես կգան մամուլի ասուլիսով եւ կհայտնեն մրցանակաբաշխության բոլոր մանրամասները:



























