Աֆղանական կալանավայրերում պահվող բոլոր բանտարկյալների գրեթե մեկ երրորդը հայտարարում է, որ ենթարկվել է այս կամ այն ձեւի խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի նոր զեկույցում, հայտնում է AP-ն:
«Խոշտանգումների մասին զեկույցի» համաձայն, մեղադրանքների կեսից ավելին գալիս է հարավային Կանդագար նահանգից, որը թալիբների կենտրոնն է: ՄԱԿ-ը լուրջ անհանգստություն է հայտնել մեղադրանքների վերաբերյալ, այդ թվում` «բռնի անհետացումների» մասին պնդումները:
Զեկույցի համար, որը պատրաստվել է Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի կողմից, ՄԱԿ-ի պաշտոնյաները հարցումներ են արել ընդհանուր առմամբ 656 բանտարկյալների շրջանում, որոնք 2019 թվականի հունվարից մինչեւ 2020 թվականի մարտ ամիսը պահվել են երկրի 63 պետական հաստատություններում:
Խոշտանգումները ներառել են ծեծ, խեղդում եւ էլեկտրաշոկ: ՄԱԿ-ը հայտարարում է, որ հարցվածների 30%-ը տրամադրել է «արժանահավատ եւ հուսալի» տեղեկություններ՝ չարաշահումների եւ վատ վերաբերմունքի մասին:
Կորոնավիրուսի բռնկման պատճառով անցյալ տարվա մարտին ՄԱԿ-ի փորձագետների կողմից մեկուսարաններ այցերը դադարեցվել էին:





























