ՄԱԿ Միջազգային դատարանը մերժել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ Կատարի հայցը՝ կապված միջոցառումների հետ, որոնք Դոհան գնահատել էր որպես ռասայական խտրականություն, փոխանցում է Reuters-ը:
Միջազգային դատարանը, մինչդեռ, աջակցել է ԱՄԷ-ի առարկություններին այն մասին, որ իր եւ Պարսից ծոցի մյուս երկրների կողմից Կատարի դեմ մտցված միջոցառումները հիմնված են քաղաքացիության, այլ ոչ թե ռասայական հիմքի վրա:
Դատարանը հանգել է եզրակացության, որ Կատարի՝ իր գանգատը ՄԱԿ 1965 թվականի ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով հիմնավորելու փորձերը հիմնավոր չէին, ուստի դատարանը այս վեճի նկատմամբ իրավազորություն չունի:
2017 թվականին Բահրեյնի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունները Կատարի հետ հարաբերությունները խզել էին: Սա հանգեցրել էր իրենց տարածքներով Կատարի քաղաքացիների ուղեւորությունների եւ աշխատանքի արգելքին:
Այս տարվա հունվարին Կատարը եւ նշված երկրները պայմանավորվել էին վերականգնել դիվանագիտական, առեւտրային եւ զբոսաշրջային հարաբերությունները:





























