ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է վերսկսել փոխգործակցությունը ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների խորհրդի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Associated Press-ը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն 24 ժամվա ընթացքում կհայտարարի, որ երկիրը որպես դիտորդ «կվերադառնա Ժնեւում տեղակայված կառույց` նպատակ ունենալով հասնել որպես լիիրավ անդամի ընտրությանը» Խորհրդում, հայտնում են պաշտոնական աղբյուրները: Գործակալությունն արձանագրում է, որ «այս որոշումը, ամենայն հավանականությամբ, քննադատություն կառաջացնի ԱՄՆ-ում պահպանողական օրենսդիրների», ինչպես նաեւ` Իսրայելին աջակցող ուժերի կողմից:

Ինչպես նշվել է նյութում, Բայդենի վարչակազմը կարծում է, որ Խորհուրդը «պետք է բարեփոխվի», իսկ դրան հասնելու ամենաարդյունավետ միջոցը «փոխգործակցությունն է դրա հետ` առաջնորդվելով սկզբունքներով»: Աղբյուրներից մեկի համաձայն` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Խորհուրդը «կարեւոր ֆորում է նրանց համար, ով պայքարում է բռնապետության եւ անարդարության դեմ ամբողջ աշխարհում»: Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է մասնակցել Խորհրդի աշխատանքներին` «դրա ներուժի լիարժեք իրացման համար»:

Վաշինգտոնը 2018-ին հայտարարել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Խորհրդից դուրս գալու մասին` որոշումը հիմնավորելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի նկատմամբ կազմակերպության կանխակալ վերաբերմունքով: Հայտարարությունն արվել էր այն բանից հետո, երբ Խորհուրդը մի շարք բանաձեւեր էր ընդունել, որոնք դատապարտում էին հրեական պետության գործողությունները: