Պենտագոնի նախկին թարգմանչուհի 63-ամյա Մարիամ Թահա Թոմփսոնը, ով աշխատել է 2006-2020 թվականներին, մեղավոր է ճանաչվել «Հեզբոլլահ» կազմակերպության հետ կապերի մեջ մեղադրվող Լիբանանի քաղաքացուն գաղտնի տեղեկություն փոխանցելու համար, հաղորդում է VOA-ն:

Թոմփսոնին սպառնում է առավելագույնը ցմահ ազատազրկում: Պատիժը կսահմանվի հունիսի 23-ին:

Թոմփսոնը, ով ծնվել է Լիբանանում եւ դարձել ԱՄՆ քաղաքացի 1993-ին, ձերբակալվել է 2020-ի փետրվարին Էրբիլում գտնվող ԱՄՆ հատուկ գործողությունների ռազմաբազայում:

Դատախազությունում հայտնել են, որ նա Լիբանանի քաղաքացուն փոխանցել է ԱՄՆ հատուկ ծառայությունների անունները: Նշվում է, որ կինը Լիբանանի քաղաքացու նկատմամբ «ռոմանտիկ հետաքրքրություն է ունեցել»:Ա

Այն բանից հետո, երբ 2019-ի դեկտեմբերին ԱՄՆ ավիահարվածի հետեւանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ալ Քուդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին, Լիբանանի քաղաքացին Թոմփսոնին խնդրել է «Հեզբոլլահ»-ին տեղեկություններ տրամադրել սպանության մասին:

«Թոմփսոնը վտանգել է ամերիկացի զինծառայողների կյանքը, երբ գաղտնի տեղեկություն է փոխանցել անձի, ով կապ է ունեցել լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպության հետ, որը ծրագրում էր այդ տեղեկությունն օգտագործել ի վնաս մեր երկրի»,-ասել է գլխավոր դատախազի օգնական Ջոն Դեմերսը: