Թուրքիայի իրավապահները երկրի 30 նահանգներում, այդ թվում՝ Ստամբուլում, միաժամանակ իրականացված գործողության ընթացքում ձերբակալել են 85 մարդու, որոնցից 30-ն անչափահաս են, հաղորդում է CNN Turk-ը։ Ըստ նախաքննության՝ նրանք «Դալթոններ» (Daltons) կազմակերպված հանցավոր խմբավորման անդամներ են և կասկածվում են վարձու մարդասպաններ հավաքագրելու մեջ։ Նրանց գործողությունները համակարգվել են հաղորդագրությունների փոխանակման հավելվածների փակ զրուցարանների միջոցով։

Եվրոպայի ամենաազդեցիկ կազմակերպված հանցավոր խմբավորումներից մեկը համարվող «Դալթոնները» կարող են առնչություն ունենալ Ռուսաստանի հատուկ ծառայությունների պատվերով Լեհաստանում Starlink արբանյակային կապի համակարգի վերգետնյա կայանի հրկիզումներին։ Այդ մասին հայտնել էին Spiegel-ի աղբյուրները։

Խմբավորման անդամների գործողությունների համակարգման հիմնական հարթակը WhatsApp-ի «Դալթոն եղբայրներ» (Dalton Kardeşler) ընդհանուր զրուցարանն էր։ Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հայտնել է, որ «Դալթոնների» գործով ընդհանուր առմամբ ձերբակալվել է 87 մարդ։ Նրա խոսքով՝ ևս 13 կասկածյալի որոնումները շարունակվում են։

Խմբավորման պարագլուխը Բերաթջան Գյոքդեմիրն է, որին 2024 թվականին կալանավորել էին Ռուսաստանում։ Գերմանիայի անվտանգության մարմինների տվյալներով՝ Մոսկվան, անտեսելով նրան արտահանձնելու Անկարայի պահանջը, Գյոքդեմիրին գործելու ազատություն և պաշտպանություն է ապահովել՝ ենթադրաբար որոշակի ծառայությունների դիմաց։ Ներկայումս նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված՝ Ինտերպոլի բարձրագույն՝ «կարմիր» ծանուցմամբ։