Տարկետում՝ Հայաստանի ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածի համար և ազատում զինվորական ծառայությունից՝ ՆԳՆ-ում հետագա ծառայության անցնելու դեպքում
Հայաստանում տարկետման իրավունք է սահմանվել Ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում ուսման ողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև նախատեսվել է ազատում պարտադիր զինվորական ծառայությունից, եթե շրջանավարտն ուսումն ավարտելուց հետո ծառայության անցնի ՆԳՆ համակարգում։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագիծը հավանության է արժանացել Կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում։
Գործող օրենսդրական դրույթի համաձայն՝ Հայաստանի ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատություն ընդունվելու համար առկա է պարտադիր պայման, որը սահմանափակում է հանրակրթություն ստանալուց անմիջապես հետո համապատասխան մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը։
Նման բուհերի ընդունելությանը կարող են մասնակցել միայն պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիները՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։



























