Հայաստանի իշխանությունները ցանկանում են երկարաձգել բուժաշխատողների լիցենզավորման գործընթացի ժամկետները։ Բժշկական օգնության մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան նախագիծը հավանության է արժանացել հոկտեմբերի 29-ին կառավարության նիստում։
Մասնավորապես, առաջարկվում է վերջնաժամկետ սահմանել 2027 թվականի հուլիսի 1-ը՝ 2027 թվականի հունվարի 1-ի փոխարեն։
Նշվում է, որ օրենքով սահմանված ժամկետը բավարար չէ լիցենզավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար։
Ընդգծվում է, որ քննությունը նախատեսվում է անցկացնել արհեստական բանականության վրա հիմնված հարթակի միջոցով, որին անցումը որոշակի ժամանակ է պահանջում։
Այս կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերանայել անցումային դրույթներով սահմանված ժամկետները։
Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել «բուժաշխատող» և «ավագ բուժաշխատող» հասկացությունները՝ հաշվի առնելով մասնագետների կրթության և որակավորման տարբերությունները։ Անհատական լիցենզիա ստանալուց հետո ավագ բուժաշխատողները պետք է յուրաքանչյուր հինգ տարին մեկ ստանան շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր։
Դեղագետները, ինչպես նաև լաբորատոր ախտորոշման ոլորտի մասնագետները (ոչ բժշկական կրթություն ունեցող) պետք է հնարավորություն ստանան հավաստագրում անցնելու և անհատական լիցենզիա ստանալու համար։ Դեղագետների համար անհատական լիցենզիա ունենալու պահանջը կգործի 2028 թվականի հունվարի 1-ից։
Բացի այդ, մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը կլինիկական օրդինատուրա ընդունված անձանց հնարավորություն է տրվում կամավոր ստանալ անցումային լիցենզիա և դրա հիման վրա՝ ուսումնառության ընթացքում աշխատելու թույլտվություն։



























