Հայաստանի կառավարությունն այսօր` հունիսի 16-ին որոշեց ջութակահար Հրաչյա Ավանեսյանին պարտադիր զինվորական ծառայությունից տալ տարկետում մինչեւ 2012 թ. գարնանային զորակոչը:
Հ. Ավանեսյանը (ծնված 1986 թ. ապրիլի 30-ին, մշտական բնակության վայրը` Բելգիա) սովորել է Երեւանի Պ. Չայկովսկիի անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում: 2002 թ. Հ. Ավանեսյանը, 16 տարեկանում, ընտանիքի հետ մշտական բնակության է մեկնել Բելգիա:
2003-2008 թթ. նա ուսանել է Բրյուսելի Արքայական կոնսերվատորիայիում` Իգոր Օյստրախի դասարանում` լեգենդար Դավիթ Օյստրախի որդու եւ աշակերտի դասարանում:
2010 թ. ավարտել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիան, եւ այժմ սովորում է Գերմանիայի Քյոլն քաղաքի ասպիրանտուրայում եւ Բելգիայի թագուհի Ելիզաբեթի անվան ակադեմիայում: Գերազանց ուսման համար նրան է տրամադրվել իտալացի աշխարհառչակ վարպետ Անտոնիո Ստրադիավարիուսի կողմից 1717 թ. պատրաստված «Piatti» ջութակը:




























