Թայվանը որոշել է Lockheed Martin Corp-ից գնել Patriot երկիր-օդ հրթիռների արդիականացված տարբերակը:
Թայվանի Ռազմաօդային ուժերից Reuters-ին հայտնել են, որ որոշել են գնել Patriot Advanced Capability 3 (PAC-3) Missile Segment Enhancement (MSE) հրթիռներ, որոնց մատակարարումները կսկսվեն 2025 թվականին, բուն համակարգը կտեղակայվի դրանից հետո մեկ տարի անց: Երկրի ՌՕՈւ-ն չի հրապարակում, թե Թայվանը քանի հրթիռ է նախատեսում գնել: «Գնումների այս ծրագրերը հիմնված են թշնամու կողմից սպառնալիքի վրա»,- ասել է ՌՕՈւ ներկայացուցիչը՝ հավելելով, որ Թայվանը կշարունակի իր «պաշտպանունակությունը մեծացնել»:
Թայվանի պաշտպանության նախարարությունը խորհրդարան ներկայացրած զեկույցում հայտնել է, որ նոր Patriot-ների ձեռքբերման որոշումը ընդունվել է 2019 թվականին ԱՄՆ-ի հետ հանդիպման ժամանակ՝ ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք:
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի կառավարությունը չի հայտարարել Թայվանին զենք վաճառելու մասին, չնայած հայտարարել է կղզուն իր «հաստատուն» նվիրվածության մասին:
Թայվանին զենքի վաճառքը հարուցում է Չինաստանի դժգոհությունը, որը պահանջում է դա դադարեցնել:
Չինաստանը հուլիսին հայտարարել էր, որ Lockheed Martin-ի դեմ պատժամիջոցներ կսահմանի Թայվանում առկա Patriot հրթիռների 620 մլն դոլարի արդիականացման փաթեթին մասնակցելու համար:





























