Արդեն մի քանի տարի Հայաստանի կործանման ծրագիր է իրականացվում ու հիմա հասել ենք վերջնագծին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ «2018-ին դասական գունավոր հեղափոխություն չէր, այս ծրագրի ամենակարկառուն և ակտիվ մասնակիցները պաշտոնական Բաքուն և Անկարան էին»,- նշեց նա՝ անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին։

Ըստ քաղաքագետի՝ Թուրքիան տեսնելով, որ չի կարող հաղթել հայկական սփյուռքին, Հայաստան ներմուծեց «տրոյական ձի»՝ ի դեմս «Իմ քայլի» և նրա ղեկավարի։

«Այս իշխանությունը Հայաստանը տարածաշրջանում դարձրեց երրորդ կարգի պետություն, որը սեփական քաղաքականություն չի կարող վարել։ Իշխանությունը շարունակում է մնալ մի թիմի ձեռքում, որը կապիտուլյացիա է ստորագրել, ամեն օր նսեմացվում է հարևան պետության կողմից։ Այսօր թուրքական իշխանությունը, ի դեմս Էրդողանի և նրա կրտսեր եղբոր՝ Ալիևի, Հայաստանում ունեն դրածո՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով, որը դիտմամբ սանձազերծեց արցախյան պատերազմը, Հայաստանի հանրությանը խաբելով տարավ պարտության՝ նպատակ ունենալով վերջնականապես կործանել նաև հայկական բանակը»,- նշեց նա։

Գ․ Համբարյանը կարծում է, որ արցախյան հարցը 80 տոկոսով հոգուտ Ադրբեջանի լուծելուց հետո, հիմա Փաշինյանը, պահպանելով իշխանությունը, փորձում է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կանխել։

«Ապրիլի 24-ին ընդառաջ, երբ մեծ է հավանականությունը, որ Ջո Բայդենը կարող է ճանաչել ցեղասպանությունը, մենք Հայաստանում տեսնում ենք յուրահատուկ թրքասիրություն, ձգտում դեպի Թուրքիա։ Այսօր Ցեղասպանության ճանաչման դեմ ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանն են հանդես գալիս, այլև Հայաստանի գործող իշխանությունը։ Առանց ամոթի՝ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը դերակատարում ունի տարածաշրջանի զարգացումներում։ Սա ոչ թե ծիծաղելի է, այլ՝ ողբերգություն։ Որևիցե նորմալ մարդ կարո՞ղ է մտածել, որ թուրքի կոշիկը լիզած մարդուն՝ Նիկոլին, տարածաշրջանում որևէ մեկը կարող է լուրջ վերաբերվել։ Նիկոլի նման կապիտուլյանտին ոչ միայն տարածաշրջանի և խոշոր պետությունների ղեկավարները լուրջ չեն վերաբերվում, այլեւ Կարսի վիլայեթի ղեկավարը»,- վստահեցնում է քաղաքագետը։

Ի պատասխան հարցին, թե ո՞րն է պատճառը, որ անգամ այս որակի ու այս կորուստներն արձանագրած կառավարությանն ընդդիմությունը չի կարողանում իշխանությունից հեռացնել, նա ասաց․

«Ընդդիմության լիդերները հասարակության շրջանում ընդունված չէին։ Այն անձիք, որոնք հարթակում կանգնում էին, շատ անգամ ասոցացվում էին վերջին 10 տարիների ընթացքում նախկին իշխանության բեսպրեդելի հետ։ Երրորդ անձի փնտրտուքում հասարակությունը չտեսավ որևէ մեկին։ Էական հանգամանք է նաև, որ Փաշինյանը և նրա թիկունքում կանգնած ուժերը շատ լավ տիրապետում են քաղաքականապես անգրագետ զանգվածին պրիմիտիվ կեղծիքներով կերակրելու, ուղղորդելու միջոցներին։ Վազգեն Մանուկյանի հասցեին այնպիսի անհեթեթություններ էին ասում, որ կարելի էր մտածել, թե նա 10 տարի իշխանություն է ունեցել»։

Քաղաքագետն արձանագրում է նաև, որ գործ ունենք քաղաքականապես անգրագետ հասարակության հետ, որին ինչ-որ բան համոզելը դժվար է, քանի որ նրան «պարզունակ հնարքներով կարող է խաբել Նիկոլի նման ժեխապետը»։

Գ․ Համբարյանը վստահ է, որ Փաշինյանի կազմակերպած ընտրությունները կեղծվելու են, դրա համար նա ամեն ինչ կանի և մեծ է հավանականությունը, որ ընտրությունների ընթացքում քաղաքացիական բախումներ կլինեն։

«Այս ընտրությունները մի քանի ամիս հետո չեն արտահայտելու Հայաստանի հասարակության քաղաքական նախասիրությունները, որովհետև շոկային վիճակում կազմակերպված ընտրություններ են լինելու։ Այնպես, ինչպես 2018-ին էֆորիայի տակ անցկացված ընտրությունները։ Այս ընտրությունները ոչ թե ճգնաժամ են հաղթահարելու, այլ նոր, ավելի մեծ ճգնաժամ են ստեղծելու»,- ասաց նա՝ ճիշտ համարելով ժամանակավոր կառավարության ստեղծումը։