Ղրղզստանի մայրաքաղաքում ընթանում է հարսնացուների առեւանգման եւ կանանց բռնությամբ ամուսնության հարկադրելու դեմ ցույց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրի ՆԳՆ շենքի մոտ է հավաքվել ավելի քան 100 մարդ: Նրանց ձեռքերին պաստառներ կան՝ «Հանցագործությունը պետք է պատժվի», «Մեզանից քանիսը պետք է մահանա, որ դադարեն մեզ առեւանգել» եւ «Ալա Կաչուուն (հարսնացուի առեւանգումը - խմբ.) ավանդույթ չէ» գրություններով: Ցուցարարները վանկարկում են՝ «Ամոթ»:
Ցուցարարների մի մասը պահանջում է երկրի ՆԳ նախարար Ուլան Նիյազբեկովի հրաժարականը, ինչպես նաեւ անգործության համար պատասխանատվության ենթարկել իրավապահ մարմինների աշխատակիցներին:
Ցույցի պատճառը 27-ամյա Այզադա Կանատբեկովայի սպանությունն է: Ապրիլի 5-ին կնոջն առեւանգել էին անհայտ անձինք: Ազգականները կարծել են, որ դա կարող էր անել նրա ծանոթը՝ ամուսնության հարկադրելու նպատակով: Տաք հետքերով միլիցիայի կազմակերպած որոնումներն ապարդյուն էին: Ապրիլի 7-ին Բիշքեկի մերձակայքում հովիվը դաշտում հայտնաբերել է կասկածյալի ավտոմեքենան: Ավտոմեքենայի մեջ էին առեւանգողի եւ զոհի դիերը՝ բռնի մահվան հետքերով: ՆԳՆ-ից հայտնել են, որ նախնական վարկածով՝ վիճաբանությունից հետո տղամարդը խեղդել էր Կանատբեկովային, որից հետո ինքնասպան էր եղել:





























