Փարիզում կողոպտել են աշխարհի «ամենալավ հյուրանոցը»: Կողոպտիչները George V հյուրանոցից կարողացել են տանել 100 հազար եվրոյի թանկարժեք զարդեր, հայտնում են Le Figaro եւ Le Parisien պարբերականները:

Le Gigaro-ի աղբյուրների տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 8-ին տեղական ժամանակով մոտ 21:30-ին: Հարձակվողները երկուսն էին: Նրանք մտել են հյուրանոցի շենք, կոտրել ցուցափեղկերը եւ տարել թանկարժեք զարդերը, որոնց թվում կային խոշոր ոսկերչական ապրանքանիշների արտադրանքներ:

Le Parisien-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ բուն կողոպուտին մասնակցել է մեկ մարդ: Նա շենք է մտել եւ ատրճանակն ուղղել հյուրանոցի նախասրահում գտնվող երկու աշխատակիցների վրա: Այնուհետեւ կացինով բացել է ցուցափեղկերը: Թանկարժեք զարդերը դրել է գրպանը, որից հետո դուրս է եկել փողոց, որտեղ մոտոցիկլետով նրան էր սպասում հանցակիցը: Հարձակվողները դրանից հետո հանցագործության վայրից փախուստի են դիմել: Նրանց դեմքերը ծածկված էին բալակլավով:

George V հյուրանոցը պատկանում է կանադական Four Seasons Hotels and Resorts ընկերությանը: 2014 թվականին Conde Nast Traveler լայֆսթայլ պարբերականի վարկածով այն ճանաչվել էր «ըստ մատուցվող ծառայությունների աշխարհի լավագույն հյուրանոցը»: Այս հաստատությունը երկար տարիներ շարունակ իր կարգի մեջ լավագույնն է ճանաչվել The Gallivanters Guide պարբերականի վարկածով: