Գարեգին Բ Կաթողիկոսն այսօր` հունիսի 21-ին ընդունել է Հայաստան ժամանած Մշակույթի պապական խորհրդի, Կաթոլիկ Եկեղեցու մշակութային ժառանգության եւ սրբազան հնեագիտության հանձնաժողովների նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավասիին` ուղեկցությամբ Անդրկովկասում պապական նվիրակ Կլաուդիո արքեպիսկոպոս Գուջերոտիի:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Գարեգին Բ-ն անդրադարձել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Վատիկանի միջեւ ձեւավորված սերտ եւ ջերմ հարաբերություններին ու համագործակցությանը` ընդգծելով, որ նման փոխայցերով նորոգվում եւ զորանում են երկու Եկեղեցիների կապերը:

Իր հերթին Մշակույթի պապական խորհրդի նախագահը կարեւորել է այցը Հայաստան, ապա անդրադարձել հայ մշակույթի հետ իր ունեցած շփումներին:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ-ն ու կարդինալ Ջանֆրանկո Ռավասին անդրադարձել են նաեւ Եկեղեցիների առջեւ ծառացած տարբեր մարտահրավերներին: Հայոց կաթողիկոսը կարդինալի միջոցով իր եղբայրական սերն ու ողջույնները փոխանցել Հռոմի Բենեդիկտ 16-րդ պապին: