Լոնդոնում մայիսի 3-5-ը կայանալիք Մեծ յոթյակի (G7) ԱԳ նախարարների հանդիպումը կանցկացվի հակահամաճարակաբանական միջոցառումների խիստ պահպանման պայմաններում: Քննարկումների բոլոր մասնակիցները, պատվիրակությունների անդամները եւ սպասարկող անձնակազմն ամեն օր կհանձնեն կորոնավիրուսի թեստ, հանդիպումների ժամանակ կպահպանվեն սոցիալական հեռավորության նորմերը: Ինչպես պլենար նիստերի, այնպես էլ աշխատանքային ճաշերի եւ ընթրիքների ժամանակ կտեղադրվեն օրգանիկ ապակուց միջնապատեր:

Մեծ Բրիտանիան, որը նախագահում է այս տարի «յոթյակը», մտադիր է անցկացնել գագաթնաժողովն ավանդական ձեւաչափով, որը կկայանա հունիսի 11-13-ը Քորնուոլ թերակղզու ափին: Դրան կմասնակցեն տնտեսապես առավել զարգացած երկրների ոչ ֆորմալ միավորման առաջնորդները, եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ հատուկ հրավիրված առաջնորդներ Ավստրալիայից, Հնդկաստանից ու Հարավային Կորեայից: Բացի այդ, փետրվարին հանդիպման հրավեր էր ստացել Առեւտրի համաշխարհային կազմակերպության նոր գործադիր տնօրեն Նգոզի Օքոնջո-Իվելան, գրում է ՏԱՍՍ-ը: