Լոնդոնում կայացած երկօրյա հանդիպումից հետո G7-ի արտգործնախարարները Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել եւ կոչ են արել Մոսկվային ուկրաինական սահմաններին եւ Ղրիմում «իրավիճակի դեէսկալացիայի» միջոցներ ձեռնարկել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք հաստատում ենք մեր հետաքրքրությունը Ռուսաստանի հետ կայուն եւ կանխատեսելի հարաբերությունների հարցում: Այնուամենայնիվ, մենք շարունակելու ենք զարգացնել մեր հավաքական կարողությունները՝ զսպելու Ռուսաստանի Դաշնության պահվածքը, որը սպառնում է գործող միջազգային համակարգին, այդ թվում՝ կիբեռմիջավայրում եւ ապատեղեկատվության ոլորտում: Մենք կշարունակենք համագործակցել Ռուսաստանի հետ տարածաշրջանային ճգնաժամերի եւ գլոբալ մարտահրավերների լուծման համար, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, զենքի վերահսկումը, ապառազմականացումը, չտարածումը, ինչպես նաեւ Արկտիկայում խաղաղ ու վստահ զարգացումը եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը»,- մեջբերում է գործակալությունը հայտարարության տեքստը։
Կոմյունիկեում նշվում է, որ «Մեծ յոթնյակի» երկրները մտահոգված են Ռուսաստանում «մարդու իրավունքների վիճակի վատթարացմամբ, ընդդիմության, իրավապաշտպանների, անկախ քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների վրա համակարգված ճնշմամբ»: Նախարարները նաեւ կոչ են արել Մոսկվային ուկրաինական սահմաններին ու Ղրիմում «իրավիճակի դեէսկալացիայի» եւ ԵԱՀԿ սկզբունքներին համապատասխանելու միջոցներ ձեռնարկել:
G7-ը նաեւ «ծայրահեղ կարեւոր» է համարում, որ ՌԴ-ն իր զորքերը հեռացնի Ուկրաինայի սահմանից, եւ ողջունում է «Ղրիմյան պլատֆորմի» գագաթաժողով ստեղծելու նախաձեռնությունը: Կոմյունիկեում նշվում է նաեւ, որ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների տեւողությունը կախված է Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումից եւ «Ղրիմը Ուկրաինային վերադարձնելուց»:





























