Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հրապարակել է երկրի տասնամյա ռազմական հետախուզության մասին տվյալները, որոնցում առանձնահատուկ ուշադրություն է հատկացված Ռուսաստանին, գրում է Կոմերսանտ-ը:
Ֆինլանդիայի զինվորականներին նախ մտահոգում է Եվրոպայի հյուսիսում եւ Բալթյան ծովի շրջանում իրավիճակը, ինչպես նաեւ իրադրությունն այն վայրերում, որտեղ գտնվում են ֆինլանդացի խաղաղապահներ:
Ուժային քաղաքականության վերածնունդն ուժգնացրել է լարվածությունը Եվրոպայում: Ռուսաստանն, օրինակ, ցուցադրել է իր ունակությունն ու պատրաստակամությունը կիրառել զինված ուժեր որտեղ հնարավոր է, ներառյալ՝ Եվրոպան, սեփական նպատակներին հասնելու համար: Դա ուժգնացրել է ռազմական կոնֆրոնտացիան եւ ակտիվությունը Բալթյան ծովի շրջանում,-ասված է զեկույցում:
Ֆինլանդացի զինվորականները նշում են, որ «ներկայում արտաքին քաղաքական շահերն իրացնելու համար զինված ուժերի ուղղակի օգտագործումը, որպես կանոն, հիմնական կամ առավել գործուն մեթոդը չէ»: «Այդուհանդերձ, պետությունները պատրաստվում են կիրառել զինված ուժեր եւ զարգացնում են համապատասխան ներուժը: Դա վերաբերում է նաեւ Ֆինլանդիայի ռազմական միջավայրում առանցքային սուբյեկտներին, ինչպիսին է Ռուսաստանը»,-արձանագրում են փաստաթղթի հեղինակները:
Ներուժը մեծացնելու տեսանկյունից ֆինլանդացի զինվորականներին մտահոգում է Ռուսաստանի ռազմական ներկայության շարունակական ամրապնդումն Արկտիկական տարածաշրջանում, որը, զեկույցի հեղինակների կարծիքով, կարող է առաջիկա տարիներին վերածվել մեծ գերտերությունների հակազդման նոր գոտու: Միեւնույն ժամանակ հեղինակները խոստովանում են, որ Ռուսաստանն ունի տնտեսական շահեր Արկտիկայում, որոնք նա իրավունք ունի պաշտպանել:
Կորոնավիրուսի համավարակը, ինչպես նշված է փաստաթղթում, զգալի փոփոխություններ չի կատարել Ֆինլանդիայի սահմանին ռազմական ակտիվության մեջ նախ Ռուսաստանի կողմից. շարունակվել են զորավարժությունները, ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները եւ ռազմածովային ուժերի տեղակայումը: Ընդ որում՝ Ֆինլանդիայի հետախուզությունը նշում է, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ն վերջին շրջանում ավելի հաճախ են անցկացնում չպլանավորված զորավարժություններ եւ մանեւրեր, ինչը կրճատում է իրավիճակի կանխատեսելիությունը:





























