ԵՄ-ի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ բարելավվում են, մինչդեռ Ռուսաստանի հետ դրանք վատթարանում են: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում համայնքի 27 երկրների արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները փոխվում են, մենք այժմ ամուր գործընկերություն ունենք: Դա հատկապես պարզ դարձավ G7-ի գագաթնաժողովից հետո,- ասել է նա:- Մենք [հանդիպման ընթացքում] կքննարկենք նաեւ Ռուսաստանը, որի հետ, հակառակը, դրանք չեն բարելավվում»:

ԵՄ խորհուրդն արտաքին գործերի նախարարների մակարդակով երկուշաբթի պլանային նիստ կանցկացնի Բրյուսելում՝ քննարկելու Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները, աջակցությունն Արեւմտյան Բալկաններին, Աֆղանստանում տիրող իրավիճակը եւ իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախարարները չեն նախատեսում որոշումներ կայացնել Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների կամ նոր դիվանագիտական քայլերի վերաբերյալ:

Հանդիպման պաշտոնական ծրագրի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները օժանդակ թեմաներից միայն մեկը կդառնան: Օրակարգի հիմնական հարցը կլինի անդրատլանտյան կապերի զարգացմանն ուղղված քննարկումը: ԵՄ նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա դեմ առ դեմ, մասնակցելու է ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ բանագնաց Ջոն Քերին, ով հանդիպմանը կմիանա տեսակապի միջոցով: