Հայաստանում իշխանափոխության պահը լուրջ կհասունանա այն ժամանակ, երբ Ազատության հրապարակում 700 հազար մարդ կլինի: Այս մասին այսօր` հունիսի 28-ին Շիրակի մարզում ՀԱԿ-ի ակտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ այդ դեպքում իշխանափոխությունը իրականություն կդառնա 24 ժամվա ընթացքում:
Կոնգրեսի առաջադրած 3 պահանջների կատարումն իշխանությունների կողմից, ըստ Փաշինյանի, հիմք է տվել ՀԱԿ-ին ենթադրելու, որ Հայաստանի իշխանություններն այլեւս անկարող են, եւ որ առանց ցնցումների, առանց քաղաքական լարումների հնարավոր է ազատվել այս «վարչախմբից»:
Իսկ ամենահարմար տարբերակը հենց իշխանությունների կողմից առաջարկված երկխոսությունն էր, որի շրջանակներում, ըստ Փաշինյանի, ՀԱԿ-ը միայն ու միայն իշխանափոխություն է տեսնում՝ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների տեսքով:
«Երկխոսության գնալով Կոնգրեսը Հայաստանի իշխանություններին վերջին հնարավորությունն է տալիս՝ գնալու խաղաղ իշխանափոխության տարբերակով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Իսկ երկխոսությանը ՀԱԿ-ը ներկայանալու է իր օրակարգով, քանի որ ներկայումս իշխանությունն ուղղակի չի կարողանում հաղթահարել ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակը, ու ըստ Փաշինյանի ՀԱԿ-ի օգնության կարիքն ունի:
«Ներկայումս Հայաստանի իշխանությունն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, երկընտրանքի առաջ է կանգնած՝ երկխոսություն սկսել, թե` ոչ: Երկու դեպքում էլ իշխանությունները կպարտվեն, քանի որ երկխոսության գնալ կնշանակի կատարել ՀԱԿ-ի առաջադրած պայմանները, երկխոսության չգնալ կնշանակի նոր պայքարի փուլ Հայաստանում, երկուսն էլ ձեռնտու չէ իշխանություններին»,- ընդգծել է ՀԱԿ-ի անդամը:
Դիտարկմանը, թե Կոնգրեսն իր դիրքորոշումը որոշակիորեն փոխել եւ մեղմացրել է, Փաշինյանը արձագանքել է, որ իրեն այդ մասին ՀԱԿ-ի համակիրները հարցնում են ամեն օր: «Սա քաղաքականություն է ու պետք է շարժվել խաղի որոշակի կանոններով»,- հավելել է նա:




























