Վրացական ընդդիմությունը պատրաստվում է սկսել կառավարությանն անվստահություն հայտնելու ընթացակարգը, լրագրողներին ասել է «Լելո. գործընկերություն՝ Վրաստանի համար» խմբակցության ղեկավարը, հաղորդում է «Sputnik-Վրաստան»-ը:

ԶԼՄ-ների եւ ընդդիմության ներկայացուցիչները երկուշաբթի ներխուժել են Վրաստանի խորհրդարան՝ հանդիպում պահանջելով պատգամավորների հետ: Նրանք հայտարարել են, որ պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները՝ պահանջելով վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության հրաժարականը: Դրա պատճառը TV Pirveli-ի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահն էր, ով մահացավ հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ դաժան ծեծի ենթարկվելուց հետո վեցերորդ օրը: Ցուցարարները կարծում են, որ իշխանությունները պետք է պատասխան տան այն բանի համար, որ նրանք անկարգությունների ժամանակ չեն պաշտպանել իրենց քաղաքացիներին:

«« Լելո. գործընկերություն՝ Վրաստանի համար» խմբակցությունը  խորհրդարան է եկել մեկ հարցի քննման համար. դա կառավարությանն անվստահություն հայտնելու ընթացակարգի մեկնարկն է: Մենք չենք պատրաստվում մասնակցել այլ հարցերի քննարկմանը»,- ասել է Ջափարիձեն:

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը կարող է առաջ քաշել առնվազն 50 պատգամավոր: Ընդ որում, նախաձեռնողները պետք է ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին: Որպեսզի անվստահություն հայտնելու ընթացակարգն ավարտվի, խորհրդարանը պետք է իր վստահությունն արտահայտի նոր կառավարությանը:

Ընդդիմությունն այս պահին ունի 66 պատգամավոր: Դա բավական է անվստահության ընթացակարգը սկսելու համար, սակայն բավարար չէ նոր կառավարության հաստատման համար:

Թբիլիսիում անկարգությունները սկսվել էին հուլիսի 5-ին՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանների կողմից կազմակերպված Tbilisi Pride-ի վերջին օրը: Այդ օրն առավոտից աղմկոտ առճակատում էր տեղի ունենում. ԼԳԲՏ համայնքի հակառակորդներն ամեն կերպ փորձում էին կանխել պլանավորված «Արժանապատվության երթը» եւ ի վերջո հասան իրենց նպատակին՝ «Արժանապատվության երթը» չեղյալ հայտարարվեց: Սակայն դա չհանդարտեցրեց նրանց:

Արդյունքում ԼԳԲՏ համայնքի հակառակորդների ակցիան վերածվեց անկարգությունների: Ցուցարարներն ագրեսիվ էին տրամադրված լրագրողների նկատմամբ եւ թույլ չէին տալիս աշխատել բողոքի ակցիայի ժամանակ:

Բացի այդ, ցուցարարները  մի շարք հասարակական կազմակերպությունների գրասենյակներ ջարդեցին: Ընդհանուր առմամբ, ՆԳՆ տվյալներով, Թբիլիսիում 20 «թեժ կետ» է եղել, տեղում աշխատել է 3.2 հազար ոստիկան: Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ օրը 55 մարդ է վիրավորվել, նրանցից 53-ը՝ լրատվամիջոցների աշխատակիցներ: Նրանց թվում էր նաեւ Լեքսո Լաշկարվան:
Այս պահի դրությամբ ոստիկանությունը բերման էր ենթարկել 20 մարդու՝ լրագրողների մասնագիտական ​​գործունեությանն ապօրինի խոչընդոտելու, նրանց հետապնդումների եւ խմբակային բռնության մեղադրանքով: