Այսօր թուրքական Բուրսա քաղաքում Երեւանի ժամանակով 23:00-ին տեղի կունենա 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ Խաղին ներկա են գտնվելու նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը։
NEWS.am-ը քաղաքական գործիչներից փորձեց ճշտել, թե ինչ հաշիվ են կանխատեսում այս հանդիպման համար։
Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ.
«Շատ կուզեի, որ Հայաստանի հավաքականը գոնե այնտեղ (Թուրքիայում) հաղթեր, բայց ցավոք, կարծում եմ, որ կամ ոչ ոքի կլինի, կամ մերոնք կպարտվեն։
Արմեն Մարտիրոսյան, „Ժառանգություն“ կուսակցության վարչության նախագահ. „Եթե սպորտային առումով նայենք եւ քաղաքական բաղադրիչը հանեք,կարծում եմ, որ Թուրքիայի հավաքականը կհաղթի, քանի որ օբյեկտիվորեն՝ տեխնիկական, տակտիկական, ֆիզիկական առումով գերազանցում է Հայաստանի հավաքականին։
Տիգրան Կարապետյան, Ժողովրդական կուսակցության նախագահ.
“Ես ուզում եմ՝ մերոնք հաղթեն։ Հաշվիը կլինի հօգուտ մեզ։ Այդպես կցանկանայի, բայց իրականում ոնց կլինի, չեմ կարող ասել։
Գագիկ Ջահանգիրյան, Հայ ազգային կոնգրես.
Խաղը կավարտվի այնպես ինչպես մինչ հիմա է ավարտվել:
Վիկտոր Դալլաքյան, ԱԺ պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ.
»Հայաստանի հավաքականին ցանկանում եմ հաջողություն եւ համոզված եմ, որ եթե Հայաստանի հավաքականը ցույց տա այն խաղը, որ ցուցադրեց Իսպանիայի հետ հանդիպմանը, ապա կարող է հաղթել Թուրքիայի ուժեղ հավաքականին։
Գալուստ Սահակյան, Հայաստանի հանրապետական կուսակցության
Փոխնախագահ. «Հաշիվը չգիտեմ, բայց պատվով դուրս կգանք։ Ակնկալում եմ, որ մերոնք բարեհաջող կխաղան»։
Նշենք, որ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը մեր հարցին, թե ինչ հաշվով կավարտվի խաղը, պատասխանեց, որ կանխագուշակությամբ չի զբաղվում, իսկ Արմեն Ռուստամյանն ընդհանրապես հրաժարվեց պատասխանել հարցին։
Հիշեցնենք, որ 2008 թվականի սեպտեմբերի 6-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած Հայաստան-Թուրքիա հանդիպումը ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի հավաքականի։




























